Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Տարածաշրջանային հեգեմոնիայի վերաձևման փորձ. Իրանը ձգտում է քանդել գոյություն ունեցող ուժային բալանսը

Տարածաշրջանային հեգեմոնիայի վերաձևման փորձ. Իրանը ձգտում է քանդել գոյություն ունեցող ուժային բալանսը
22.03.2026 | 13:46

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրանի շուրջ, առաջին հայացքից ներկայացվում է որպես հերթական սրացում Մերձավոր Արևելքում, սակայն իրականում գործ ունենք որակապես այլ՝ շատ ավելի խորքային և համակարգային գործընթացի հետ։ Եթե ընդունում ենք, որ իրանական հարվածների շուրջ 85%-ը ուղղված է եղել ոչ թե Իսրայելի, այլ Պարսից ծոցի երկրների դեմ, ապա ամբողջ պատերազմի տրամաբանությունը գլխիվայր շրջվում է։

Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ Իրանը չի վարում դասական հակաիսրայելական պատերազմ։ Իսրայելը այստեղ ավելի շուտ հանդես է գալիս որպես առիթ՝ casus belli, մինչդեռ իրական թիրախը տարածաշրջանում ձևավորված ուժային համակարգն է։ Այդ համակարգի առանցքային տարրերն են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Բահրեյնը, Քուվեյթը, ԱՄԷ-ն և Օմանը, որոնք հանդիսանում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական, լոգիստիկ և էներգետիկ ներկայության հիմնական հենասյուները։

Հետևաբար, Իրանի կողմից իրականացվող զանգվածային հարվածները պետք է դիտարկել ոչ թե որպես «պատահական» կամ երկրորդական ուղղություն, այլ որպես հիմնական ռազմավարություն։ Թեհրանը, չունենալով հնարավորություն հարվածելու ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքին, նպատակային կերպով խոցում է նրա «Մերձավորարևելյան որջը»՝ բազաները, հաղորդակցման հանգույցները, էներգետիկ ենթակառուցվածքները։ Սա դասական ռազմական մտածողության մեջ հայտնի մոտեցում է՝ ոչ թե հակառակորդի կենտրոնն է ոչնչացվում, այլ կտրվում է նրա նյարդային համակարգը։

Միևնույն ժամանակ, այս գործողությունները ստանում են նաև պատժիչ բնույթ։ Իրանը փաստացի պատերազմ է վարում այն արաբական ռեժիմների դեմ, որոնք տարբեր մակարդակներում ինտեգրված են ամերիկա-իսրայելական անվտանգային ճարտարապետությանը և, հատկապես, վերջին տարիներին գնացել են հարաբերությունների կարգավորման Իսրայելի հետ։ Այս իմաստով, պատերազմը դուրս է գալիս «Իրան-Իսրայել» դիխոտոմիայից և վերածվում է տարածաշրջանային վերաձևման գործընթացի։

Այստեղ է, որ «երրորդ աշխարհամարտ» ձևակերպումը ստանում է ոչ թե բառացի, այլ բովանդակային իմաստ։ Խոսքը դասական աշխարհամարտի մասին չէ՝ ճակատներով և դաշնակցային հստակ բլոկներով։ Խոսքը նոր տիպի՝ դիստրիբուցված պատերազմի մասին է, որտեղ բախումը տեղի է ունենում ոչ միայն պետությունների, այլև համակարգերի միջև։ Այս տրամաբանությունը մասամբ հիշեցնում է «սառը պատերազմը», այն տարբերությամբ, որ ներկայումս հարվածները շատ ավելի ուղիղ ու ինտենսիվ են։

Ի դեպ՝ այս համատեքստում շատ դիպուկ է Աբբաս Արաղչիի այսօրվա այն պնդումը, թե՝ «իրանական քաղաքակրթությունը պաշպանվելու երեքհազարամյա պատմություն ունի»։ Համաձայնեք՝ շատ հյութեղ է ասված: Սրանով Իրանի գործողությունները ներկայացվում են ոչ թե որպես ագրեսիվ էքսպանսիա, այլ որպես պատմականորեն պայմանավորված ինքնապաշտպանություն։ Սակայն իրական գործընթացը ավելի խորն է․ սա տարածաշրջանային հեգեմոնիայի վերաձևման փորձ է, որտեղ Իրանը ձգտում է քանդել գոյություն ունեցող ուժային բալանսը և ձևավորել իրեն առավել նպաստավոր նոր համակարգ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ